Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Կոմիտասյան մասունքների վերջին հանգրվանը

Կոմիտասյան մասունքների վերջին հանգրվանը
26.07.2014 | 11:52

Մինչև տարեվերջ այցելուների առջև իր դռները կբացի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունն ու անձնական իրերը գտնվում են տարբեր կազմակերպությունների արխիվներում և պահոցներում, գերակշիռ մասը` Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (բազմաթիվ հրատարակություններ, վավերագրական, գեղարվեստական ֆիլմեր, ձայնային և լուսանկարչական, տեսագրված նյութեր):

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` թանգարանին պատկանող ցուցանմուշների ո՞ր մասն է տրամադրվելու նորաստեղծ թանգարան-ինստիտուտին:
«Մեզ մոտ պահվող մասունքները ես տեղեկանքի ձևով ներկայացրել եմ հանձնաժողովին: Իհարկե, խոսքը արխիվին չի վերաբերում, այլ իրերին` հագուստ, սրինգ, կնիքներ, սպասք: Թե ո՞ր մասն է տարվելու, կորոշի հանձնաժողովը` ըստ հուշային հատվածի տարողության, ցուցադրական մասի հայեցակարգի: Վերջին հաշվով, երբ ես ասում եմ սրինգ, պետք է նկատի ունենալ, որ ունենք Կոմիտասին պատականած յոթ սրինգ , 6-7 անձնական կնիք: Ենթադրում եմ, որ կտանեն երկուսը, երեքը»: Կոմիտասի ռոյալը, որ ներկայումս ԳԱԹ-ում է, նույնպես հայտնի չէ, թե որտեղ կհանգրվանի:
Անդրադառնալով մեր «Կարելի՞ է ասել, որ չի տուժի ցուցասրահը, եթե ձեր ասածի պես` յոթ նույնատիպ իրերից 2-3-ը տանեն» հարցին, ԳԱԹ-ի տնօրենն ասաց, որ մշտական ցուցադրությունը բացել են անցյալ տարի նոյեմբերին, երաժշտարվեստի ամենապատվավոր մասը, բնականաբար, նվիրված է Կոմիտասին, և ինչ նյութ էլ հանեն, պետք է մտածեն` ինչով հագեցնել այն: «Այսպես թե այնպես, խնդիրներ կլինեն, իհարկե, զուտ ստեղծագործական»,- ընդգծեց զրուցակիցս:

Հավելենք, որ թանգարան-ինստիտուտը կառուցվում է Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատի տեղում, որը անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ կառավարությանն է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Կառուցապատման ծախսերը հոգում է «Փյունիկ» հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ: Ճարտարապետը Արթուր Մեսչյանն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1296

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ